1. Ծառայության հասկացությունը
1.1. Կատարողն իր տվյալների շտեմարանում .AM/.ՀԱՅ տիրույթում իրականացնում է դոմենի գրանցում՝ համաձայն սույն Պայմանագրի և «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի (այսուհետ՝ ԻՀ ՀԿ) կողմից սահմանված կանոնների (https://www.amnic.net/policy/am/):
2. Ծառայության մատուցումը
2.1. Դոմենը գրանցելու համար ստուգվում է Պատվիրատուի նախընտրած դոմենի գրանցման հնարավորությունը:
2.2. Եթե Պատվիրատուի նախընտրած դոմենը ազատ է գրանցման համար, Պատվիրատուն լրացնում է Կատարողի կողմից սահմանած Հավելվածը և ներկայացնում այն Կատարողին (սույն գործընթացը կարող է իրականացվել նաև առցանց` www.web.am կայքի միջոցով): Հավելվածում ներկայացված տվյալների մուտքագրմամբ տվյալ դոմենը դառնում է անհասանելի այլ անձանց կողմից գրանցելու համար:
2.3. Առաջին անգամ Կատարողից Ծառայություններ պատվիրելու դեպքում Հավելվածի հետ միասին Պատվիրատուն ստորագրում է նաև ծառայությունների վճարովի մատուցման Պատվերը, կամ առցանց եղանակով՝ Կատարողի www.web.am կայքի միջոցով կատարում է Պայմանագրի կատարմանն ուղղված գործողություններ:
2.4. Կատարողն իր տվյալների շտեմարանում գրանցմանը զուգընթաց ապահովում է դոմենի գրանցման վերաբերյալ տեղեկությունների փոխանցում ԻՀ ՀԿ-ի https://www.amnic.net/whois/ տեղեկատվական բնույթ ունեցող կայք: Կանոններին հակասող դոմենային անուն գրանցելու դեպքում դոմենային անուն գրանցող կազմակերպության կողմից հնարավոր է ստանալ մերժում, այդ դեպքում Պատվիարտուն հնարավորություն ունի գրանցել մեկ այլ անուն:
2.5. Դոմենի գրանցման Ծառայությունը Կատարողի կողմից համարվում է պատշաճ մատուցված և Պատվիրատուի կողմից ընդունված, երբ դոմենը մուտքագրվում է Կատարողի տվյալների շտեմարանում և դոմենային անունը հայտնվում է ԻՀ ՀԿ-ի https://www.amnic.net/whois/ կայքում:
3. Դոմենի գրանցման անհնարինությունը
3.1. Կատարողն իրավունք է վերապահում չմատուցել դոմենի գրանցման Ծառայություն իր կողմից վարվող հանրությանը հասանելի տվյալների շտեմարանում հետևյալ դեպքերում.
3.1.1. եթե արդեն իսկ գրանցվել է նույնանուն դոմեն մեկ այլ անձի կողմից:
3.1.2. եթե դոմենի գրանցումը Պատվիրատուի կողմից հակասում է ԻՀ ՀԿ կողմից սահմանված կանոններին (https://www.amnic.net/policy/am/):
3.1.3. եթե դոմենի գրանցումը կամ օգտագործումը հակասում է ՀՀ օրենսդրությանը:
3.2. Եթե դոմենը չի կարող գրանցվել սույն Հատուկ Պայմանների 3.1.1-3.1.3. կետով նախատեսված հիմքով, Պատվիրատուի պահանջով տվյալ դոմենի գրանցման համար վճարված գումարը վերադարձվում է:
4. Գրանցված դոմենի գրանցման դադարեցումը
4.1. Կատարողն իրավունք է վերապահում միակողմանիորեն դադարեցնել դոմենի գրանցման Ծառայությունը իր կողմից վարվող հանրությանը հասանելի տվյալների շտեմարանում հետևյալ դեպքերում.
4.1.1. եթե առկա է ՀՀ դատական մարմնի որոշում և դրա հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման մասին որոշում, արբիտրաժային տրիբունալի որոշում, վարչական ակտ, Կատարողի կողմից կատարման համար պարտադիր այլ նորմատիվ կամ անհատական ակտ, որը դադարեցնում է տվյալ դոմենի գրանցումը կամ օգտագործումը որևէ կերպով:
4.1.2. եթե առկա է ՀՀ դատական մարմնի որոշում, որով տվյալ դոմենի գրանցման կամ օգտագործման իրավունքը տրամադրված է այլ անձի:
4.1.3. եթե դոմենի գրանցման համար տրամադրված փաստաթղթերը կամ տվյալները կեղծ են կամ թերի:
4.1.4. եթե դոմենի անվան մեջ օգտագործված է գռեհիկ բառապաշար:
4.1.5. եթե դոմենը օգտագործվել է, մասնավորապես, չպահանջված էլեկտրոնային հաղորդակցության (սփամ) տարածելու համար, կամ այլ անօրինական նպատակներով, որևէ ռասայական, ազգամիջյան, կրոնական կամ էթնիկ չափանիշներով գժտության հրահրման համար, ահաբեկչական և ծայրահեղական ուղղության գործունեության խթանման և ուժի կիրառման քարոզչության համար, թմրանյութերի, դրանց պատրաստման և շրջանառության մեթոդների տարածման համար, պոռնոգրաֆիկ նյութերի գովազդման և տարածման համար, անօրինական միգրացիայի և մարդկանց առևտուր իրականացնելու համար, ֆինանսական հանցագործությունների կազմակերպման, կիբերհանցագործություններ իրագործելու կամ դրանց խթանման համար:
4.1.6. եթե հայտնաբերվում է Պատվիրատուի կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների այլ էական խախտումներ:
4.2. Կետ 4.1.5.-ում նկարագրված չափանիշների առկայությունը հաստատվում է ԻՀ ՀԿ համապատասխան աշխատանքային խմբի եզրակացության հիման վրա ընդունված որոշմամբ, և Պատվիրատուն ընդունում է, որ այդպիսի որոշման առկայությունը բավարար հիմք է համապատասխան գրանցումը դադարեցնելու համար:
4.3. Կատարողն իրավասու է միակողմանի հրաժարվել դոմենի գրանցումից սույն Հատուկ Պայմանների 4.1.1-4.1.6. կետով նախատեսված հիմքերով։ Այս դեպքում տվյալ դոմենի համար վճարված գումարը չի վերադարձվում։
5. Դոմենի գրանցման դեպքում Պատվիրատուն տալիս է իր համաձայնությունն առ այն, որ
5.1. Իր անունը, ազգանունը, իր կողմից տրամադրված հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն և գրանցված դոմենը մուտքագրվի Կատարողի կողմից վարվող հանրությանը հասանելի տվյալների շտեմարանում։
5.2. Իր անունը, ազգանունը, իր կողմից տրամադրված հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն տեղադրվի և պահպանվի «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից վարվող .AM/.ՀԱՅ տվյալների շտեմարանում անորոշ ժամանակով։
5.3. Դոմենի գրանցման ժամկետի ավարտի մասին Կատարողը վճարում կատարելու համար հիշեցումներ է ուղարկելու Պատվիրատուի կողմից տրամադրված հեռախոսահամարի վրա կարճ հաղորդագրության (SMS) միջոցով և/կամ Պատվիրատուի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին ուղղված նամակով։
6. Դոմենի տեղափոխման (Domain transfer) և գրանցման ծառայության դեպքում Պատվիրատուն տալիս է իր համաձայնությունն առ այն, որ
6.1. Գրանցված դոմենը տեղափոխվի և մուտքագրվի Կատարողի կողմից վարվող հանրությանը հասանելի տվյալների շտեմարանում։
7. Դոմենի վերագրանցումը
7.1. Դոմենի վերագրանցման համար Պատվիրատուն պարտավոր է մինչև նախորդ գրանցման ժամանակի ավարտը վճարել դոմենի գրանցման համար Հավելվածում նախատեսված Ծառայության գինը:
7.2. Դոմենի գրանցման ժամկետի ավարտից երկու ամիս առաջ Կատարողը Պատվիրատուի էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկում է հիշեցում դոմենի գրանցման ժամկետի լրանալու վերաբերյալ և առաջարկում է դոմենի վերագրանցման համար վճարել Ծառայության գինը:
7.3. Դոմենի գրանցման ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ Կատարողը ՀՀ ռեզիդենտ Պատվիրատուի էլեկտրոնային փոստի հասցեներով և/կամ SMS-ի միջոցով, իսկ ՀՀ ոչ ռեզիդենտ Պատվիրատուի դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեներով ուղարկում է գրավոր հիշեցում դոմենի գրանցման ժամկետի լրանալու վերաբերյալ և առաջարկում է դոմենի վերագրանցման համար վճարել Ծառայության գինը:
7.4. Պատվիրատուի կողմից մինչև դոմենի գրանցման ժամկետի ավարտը վերագրանցման համար Ծառայության գինը չվճարելու դեպքում դոմենը դառնում է հանրության համար անհասանելի, սակայն այն պահպանվում է ևս 45 օր՝ վերագրանցման հնարավորությամբ: Նշված 45 օրվա ընթացքում վերագրանցման համար Ծառայության գինը չվճարելու դեպքում Պատվիրատուն կորցնում է դոմենի օգտագործման նկատմամբ իր իրավունքները, և տվյալ դոմենի համար կարող է իրականացվել նոր գրանցում` ընդհանուր հիմունքներով:
8. Լրացուցիչ Ծառայություններ. Դոմենի փակ գրանցում
8.1. «Դոմենի փակ գրանցում» լրացուցիչ ծառայություն ընտրելու դեպքում հանրությանը հասանելի .AM/.ՀԱՅ տվյալների շտեմարանում Պատվիրատուի տվյալների դաշտերում (բացառությամբ DNS տվյալների) Պատվիրատուի տվյալների փոխարեն նշվում են Կատարողի տվյալները, սակայն դոմենի օգտագործման բոլոր իրավունքները պատկանում են Պատվիրատուին: Առանց Պատվիրատուի համաձայնության՝ Կատարողն իրավունք չունի հրաժարվել դոմենից կամ դրա օգտագործման իրավունքները փոխանցել երրորդ կողմի:
8.2. «Դոմենի փակ գրանցում» լրացուցիչ ծառայության սակագինը ներկայացված է հավելվածում:
9. Վեճերի լուծման կարգը
9.1. Դոմենի գրանցումը ոչ մի օրինական իրավունք չի տրամադրում այդ անվան նկատմամբ, և կողմերի միջև ծագած վեճերը պետք է լուծում գտնեն գործող օրենսդրական նորմերի շրջանակներում:
9.2. Սույն Պայմանագրի կնքման, կատարման կամ մեկնաբանման, ինչպես նաև խախտման, դադարեցման կամ անվավերության հետ կապված ցանկացած վեճ պետք լուծվում է գործող օրենսդրական նորմերի շրջանակներում:
9.3. Արդեն իսկ գրանցված դոմենի համար Ծառայությունը դադարեցնելու կամ կասեցնելու կապակցությամբ (հետևանքով) առաջացած ցանկացած վեճ, որը չի լուծվել բանակցությունների միջոցով, պետք լուծվում է գործող օրենսդրական նորմերի շրջանակներում:
9.4. «ՎԵԲ» ՍՊԸ-ն պատասխանատվություն է կրում Պատվիրատուին Ծառայություն չմատուցելու հետևանքով կամ մեկ այլ դեպքում միայն իր մեղքով պատճառված իրական վնասի համար, ընդ որում, Կատարողի պատասխանատվության չափը սահմանափակվում է դոմենի պայմանագրային արժեքով:
10. Սույն Հատուկ Պայմանները տեղադրված են Կատարողի հաճախորդների սպասարկման կենտրոնում և հրապարակված վերջինիս պաշտոնական կայքում (www.web.am):
11. Սույն Հատուկ Պայմաններում սահմանումներն ունեն նույն նշանակությունը, ինչ ԸԴ-ում: